Չմոռանա՛նք, հիվանդությունը հաղթահարելի է։
Հարգելի հայրենակիցներ,
Դեռևս անցյալ տարի մենք խոսել ենք կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակի և տվյալ իրավիճակում հոգեկան առողջության պահպանման կարևորության մասին: Այսօր էլ մենք անդրադառնում ենք այդ թեմային, քանի որ մարդկանց մոտ դեռ գերակշռում են տագնապային ու անհանգիստ հուզական վիճակները։
Թեպետ ամբողջ աշխարհում այլ, շատ ավելի հայտնի հիվանդություններից (այդ թվում գրիպից) շատ ավելի մարդիկ են մահանում, քան կորոնավիրուսից, այնուամենայնիվ, այս հիվանդության նկատմամբ վախերը դեռ գերիշխող են։ Պատճառն այն է, որ այլ հիվանդությունների պատճառներն ու ախտանիշները, հետևանքներն ու ընթացքը, բուժման արդունավետությունը քիչ թե շատ հայտնի են, այս վիրուսի պարագայում անհայտությունն ավելի մեծ է։ Սա է հիմնական այն գործոնը, որի պատճառով մենք անհանգստանում ենք։ Միշտ էլ դժվար է գործ ունենալ անորոշության հետ, և դա նորմալ է։
Այսուհանդերձ, վախերը հաղթահարելի են, որոշ ժամանակ հետո ամեն ինչ կարգավորվելու է, կորոնավիրուսից մնալու են միայն տխուր հիշողությունները, սակայն այն գինը, որ մենք հիմա վճարում ենք մեր հոգեկանի հաշվին, կարող է ավելին լինել, քան այն վնասը, որը կարող է բերել այս վիրուսը։ Մեր ուշադրությունը պետք է սևեռենք առավելապես մեր հոգեկան վիճակի, հակազդեցությունների և այն բանի վրա, թե ինչպես ենք մենք կարողանում կառավարել մեր վարքագիծը, թույլ չտալ խուճապային մոլագարությանը կառավարել մեզ:
Մեզ անհրաժեշտ են դրական մտքեր և դրական էներգիա: Հարկավոր է ուշադիր լինել, որ չկորցնենք մեր հոգեկան առողջությունն այն ժամանակ, քանի դեռ զբաղված ենք մեր ֆիզիկական առողջությունը այս վիրուսից պաշտպանելու գործով:
Անթույլատրելի է խուճապի մատնվելը: Երբ մենք անհանգստանում ենք, նյարդայնանում ենք, խուճապի ենք մատնվում, մեր օրգանիզմն ապրում է սուր սթրես և կորցնում իմունիտետը: Այդպիսով, կարող ենք ակտիվացնել օրգանիզմում քնած հիվանդություններն ու կորցնել վիրուսի դեմ պայքարելու կարողությունը:
Կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է բերել կենսակերպի նոր ռեժիմի կազմակերպման, ինքնախնամքի նոր մոտեցման ձևավորման։ Այժմ շատ կարևոր է մեր և մեր հարազատների թե՛ սննդի կազմակերպումը, թե՛ լիարժեք քնի ապահովումը, և թե՛ հոգեբանական խնամքը։ Մեր հույզերն ու զգացմունքներն արտահայտելը, կիսվելը, միմյանց հասկանալը, ինչպես նաև վտանգավոր ու անցանկալի շփումների առջև սահման դնելը կարող են դառնալ մեր ձեռքբերումներն այս իրավիճակում ու նաև նոր զարգացումների բերել մեր հասարակությանը։
Այս ճգնաժամային ժամանակահատվածը մեզ համար հնարավորություն է անցնել մի փորձության միջով, որը մեզ կարող է նաև ուժեղացնել, կրթել, կազմակերպել և զարգացնել։ Չմոռանա՛նք, հիվանդությունը հաղթահարելի է։