Կյանքից հեռացել է հոգեբան Սյուզան Սարգսյանը
…Այն պահին, երբ բացվում էին կենտրոնի դռներն ու ներս էր մտնում Սյուզի Ֆելիքսովնան, օդը միանգամից հագենում էր՝ միայն իրեն հատուկ եթերային թեթևությամբ, լուսավոր էներգիայով, արևոտ գույներով։
Իրեն սիրում էին բոլորը ու սիրում էին շա՜տ․․․
Եվ ոչ միայն որ հետաքրքիր, պայծառ, իմաստուն, գունավոր անհատականություն էր, այլ նաև նրա համար, որ ինքն էլ էր սիրում բոլորին ու շատ․․․
Տեղյակ էր բոլորի դարդից ու հոգսից, հաջողությունից ու ձախողումից․․․ լսում էր, հարցնում էր, նեղվում էր, ուրախանում էր, կիսում էր բոլորի էմոցիաները՝ սրտացավորեն, հոգատարությամբ, միշտ պատրաստ աջակցելու, քաջալերելու, ոգեշնչելու, իր լավատեսությամբ ու ապրեցնող էներգիայով վարակելու, շռայլորեն իր լույսը տալու․․․
Մեր ցավը շատ խորն է, կորուստը անասելի մեծ․․․
Ո՜նց ենք Ձեզ կարոտելու ․․․մեր քայլող արվեստ, մեր ճառագող սեր, մեր բոլորի ընկեր, մեր հարազատ Սյուզի Ֆելիքսովնա ջան։
Ցավակցում ենք Սյուզի Ֆելիքսովնայի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, ուսանողներին․․․