Объединяют силы
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն ու Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնը համաձայանգիր են ստորագրել՝ ազդարարելով համագործացության նոր սկիզբ:
«Մենք կարևոր նախաձեռնությամբ ենք հանդես եկել: Հայաստանում պրակտիկ հոգեբանության դաշտի երկու հիմնական ուժեր, որ տարիների ընթացքում չեն շեղվել մասնագիտական արհեստավարժության սահմաններից, մասնագիտական էթիկայի նորմերից, որոշել են համագործակցել»,-ասում է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վարուժան Մելքոնյանը:
Երկու կենտրոնների միջև ստորագրված համաձայնագիրը նպատակաուղղված է կողմերի գործունեության և նրանց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում մշտական շփումների և համագործակցության հաստատմանը:
Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար Դավիթ Գևորգյանը կարևորում է մասնագիտական ռեսուրսները և ուժերը մեկտեղելը:
«Շատ մեծ սպասում ունեմ, որ մեր համագործակցությունը կտա հնարավորություն՝ ստեղծելու առողջ մասնագիտական հարթակ , որտեղ մենք կկարողանանք կիսվել թե՛ մեր ձեռքբերումներով, թե՛ մեր խնդիրներով և օգնել միմյանց, թե՛ նոր որակի բարձրացնել Հայաստանում հոգեբանական ծառայությունների մատուցումը»,- ասում է Դավիթ Գևորգյանը:
Համագործակցությունն ավելի լայն հնարավորություն է ընձեռնում կյանքի կոչելու բազում նոր մտահաղացումներ և ծրագրեր, որոնք ուղղված են կենտրոնների հիմնական խնդիրների իրագործմանն ու հիմք են հանդիսանում պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացմանը, մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը Հայաստանի Հանրապետությունում:
Համագործակցության հիմնական ուղղություններից են.
- Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական որակավորման համատեղ հանձնաժողովի ձևավորում և աշխատանքների կազմակերպում,
- Կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերում համագործակցություն,
- Մասնագետների համար սուպերվիզաների ապահովում,
- Համատեղ գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների ու փորձի փոխանակման կազմակերպում,
- Ծավալուն պետական և միջազգային ծրագրերին, մրցույթներին համատեղ մասնակցություն,
- Երիտասարդ կադրերի ընտրության և մասնագիտական աճի ապահովման աշխատանքների կազմակերպում,
- Իրականացվող ծրագրերում և աշխատանքներում մյուս կողմի մասնագետների ներգրավում,
- Կողմերի համաձայնությամբ պետական, միջազգային, քաղաքացիական, ներմասնագիտական և միջմասնագիտական հարթակներում, ինչպես նաև ԶԼՄ-ներում ընդհանուր դիրքորոշումների ներկայացում,
- ՀՀ-ում մասնագիտական գործունեության էթիկական նորմերի, ինչպես նաև արտոնագրման մեխանիզմի մշակում
- Մասնագիտական արհեստավարժության խրախուսմանն ուղղված տարատեսակ միջոցառումների իրականացում,
- Մասնագիտական հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
- Լուսավորչական աշխատանքների իրականացում: