Մարդիկ, ովքեր բողոքում են, բայց ոչինչ չեն փոխում
Կան մարդիկ, ովքեր անդադար բողոքում են կյանքից, աշխատանքից, հարաբերություններից, բայց ոչինչ չեն անում իրավիճակը փոխելու համար։
Ինչո՞ւ է դա այդպես։
Պատճառները կարող են շատ և բազմաշերտ լինել։ Այսօր կանդրադառնանք դրանցից մեկին, որը հոգեբանության մեջ հայտնի է որպես երկրորդային շահ։
Երկրորդային շահն այն ներքին, հաճախ անգիտակցական օգուտն է, որը մարդը ստանում է մի իրավիճակից, որը, առաջին հայացքից, տհաճ կամ ցավոտ է թվում։ Այս շահերը կարող են տարբեր լինել՝ սկսած ուրիշների խղճահարությունից և ուշադրությունից, մինչև պատասխանատվությունից խուսափելը։
Ինչպե՞ս է դա դրսևորվում
Ուշադրություն և խղճահարություն ստանալ ուրիշներից
Մարդիկ հաճախ շարունակում են բողոքել, որովհետև այդ կերպ ստանում են ուշադրություն։ Օրինակ՝ մեկը կարող է շարունակ բողոքել իր ծանր աշխատանքից, բայց ոչ մի քայլ չանել այն փոխելու ուղղությամբ։ Այդ մարդուն գուցե դուր է գալիս այն արձագանքը, որը ստանում է շրջապատից՝ խղճահարություն, գնահատանք կամ հոգատարություն։

Երբ մարդը պարբերաբար բողոքում է արտաքին հանգամանքներից՝ ընտանիքից, ճակատագրից, շրջապատող մարդկանցից, նա հաճախ անգիտակցաբար ազատում է իրեն պատասխանատվությունից։ Եթե ամեն ինչ կախված է ուրիշներից, ապա թվում է, թե ինքը ոչ մի բան չի կարող անել, և նա իրեն հարմար է զգում իր անգործության մեջ։
Հարմարավետություն «զոհի» դերում
Բողոքելը դառնում է կյանքի սովորական մաս՝ «փափուկ աթոռ», որտեղ հարամավետ է նստելը։ Այդ դերում ապահով է, իրավիճակը՝ ծանոթ։ Չնայած իրավիճակը ցավալի է թվում, այն ջանք ու փոփոխություն չի պահանջում։ Իսկ փոփոխությունները վախեցնող են՝ դրանք պահանջում են ռեսուրսներ, ուժ, որոշումներ ու երբեմն ցավոտ իրազեկում։
Հ․Գ․ Պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդու վարքի հիմքում կարող են լինել միաժամանակ մի քանի խորքային հոգեկան գործոններ։ Մարդկային հոգեբանությունը երբեք միաշերտ կամ միանշանակ չէ։ Այս հրապարակման մեջ մենք խոսեցինք միայն մեկ հնարավոր շարժառիթի մասին։ Սակայն իրական կյանքում նույն վարքի տակ կարող են թաքնված լինել բոլորովին այլ պատճառներ, որոնք կարող են բխել անհատական կյանքի պատմությունից, ներքին կոնֆլիկտներից կամ չգիտակցված վախերից։