Մասնագիտական կողմնորոշման գործընթացում կիրառվող արդյունավետ մեթոդիկա է Պրոֆեսիանսը: Այս մեթոդիկան մշակել է պրոֆեսոր Պրյաժնիկովը, ով հիմնվել է հոգեբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե.Կլիմովի գաղափարների վրա:

Պրոֆեսիանսը  քարտային խաղ-խորհրդատվություն է, որը խթանում է դպրոցականի հետաքրքրությունը մասնագիտությունների աշխարհի նկատմամբ: Պրոֆեսիանսն ունի հետազոտական և տեղեկատվական ֆունկցիա: Այս մեթոդիկայի շնորհիվ բացահայտվում են անձի մասնագիտական հակումներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև հետազոտվողը մանրամասն ինֆորմացիա է ստանում տարբեր մասնագիտությունների պահանջների, պայմանների և նպատակների մասին:

Պրոֆեսիանսը արդյունավետ միջոց է այն մարդկանց համար, ովքեր պետք է ընտրեն մասնագիտություն կամ նեղ մասնագիտացում, ուզում են ստանալ լրացուցիչ կրթություն կամ ցանկանում են փոխել արդեն ձեռք բերված մասնագիտությունը: Ծառայությունից կարող են օգտվել 12 տարեկանից սկսած անձինք:

Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՊՐՈՖԵՍԻԱՆՍԸ`

  • Այն հնարավորություն է ընձեռում առավել խորքային ծանոթանալ գոյություն ունեցող մասնագիտությունների հետ, հասկանալ, թե ինչ բաղկացուցիչներից է կազմվում այս կամ այն մասնագիտությունը, և ինչ պահանջներ է ներկայացնում անձին:
  • Ծառայություն ստացողը հոգեբանի հետ համատեղ կարող է կազմել իրեն առավել համապատասխան մասնագիտության/ների պատկերը:
  • Այն նպաստում է դեռահասի ինքնաճանաչմանը, սահմանում է, թե ինչպիսի որակներ կամ ընդունակություններ են հարկավոր զարգացնել` մասնագիտության մեջ լիարժեք ինքնակատարելագործվելու համար:

DSCN0788

Մեթոդիկան ներառում է 45 երկկողմանի գունավոր քարտեր, որոնք կազմում են հինգ խումբ և բնութագրում են մասնագիտական գործունեությունը` աշխատանքի նպատակների, առարկաների, միջոցների, պայմանների և հատուկ պայմանների ձևով: Խորհրդատվությունը տևում է 40 րոպեից մինչև 1ժամ:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում այս մեթոդիկայով աշխատում են  փորձառու հոգեբաններ, ովքեր վերապատրաստում են անցել Մոսկվայի «Թեստավորման և զարգացման հումանիտար տեխնոլոգիաների»  մասնագիտական կողմնորոշման մասնագետների կողմից: