Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակների մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

Դայակի աշխատանքի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկի պայմաններում ավելի ու ավելի մեծ պահանջներ են դրվում դայակ-մասնագետի առջև: Մտնելով ընտանիք` դայակը պետք է կարողանա պատկերացնել ընտանիքում հաստատված արժեքները, կանոնները, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների առանձնահատկությունները,  արագ ներգրավվել և հարմարվել նոր պայմաններին, ստեղծել  վստահության մթնոլորտ, արդյունավետ հարաբերություններ կառուցել ընտանիքի բոլոր անդամների հետ՝ առանց վնասելու և խախտելու ընտանեկան հավասարակշռությունը:  Ինչպես նաև,  դայակի տեղի ու դերի հստակ գիտակցմամբ բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը, պահպանել հոգեբանական հարմարավետություն, վայելել հարգանք:

Անշուշտ, պրոֆեսիոնալիզմի նման մակարդակի հասնելու համար հարկավոր են գիտելիքներ, հմտություններ, հոգեբանական որակներ, որոշակի կենսափորձ, իսկ ամենակարևորը, ցանկություն և նպատակաուղղված գործունեություն:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները, հաշվի առնելով գործատուների ցանկությունները և աշխատանքին ներկայացվող մասնագիտական պահանջները, մշակել են ծրագիր՝ նպատակ ունենալով պատրաստել կիրթ, բանիմաց, հմուտ, գործատուների կողմից միշտ պահանջված, վստահելի դայակներ:

Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի բազային գիտելիքների և հմտությունների ձևավորման փուլը կազմում է 42 ակադեմիական ժամ։

Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես  դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:

Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև մանկավարժների և ծնողների համար՝ ձեռք բերելու երեխայի խնամքին, դաստիարակությանն առնչվող կարևոր գիտելիքներ:

Դասընթացը վարում են “ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների  կենտրոնի առաջատար մասնագետները։

Ծրագիրը բաղկացած է 5 հաջորդական մոդուլներից: Կիրառվում են ժամանակակից հոգեբանամանկավարժական մոտեցումներ և մեթոդներ:

1-ին մոդուլ

Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները,  մասնագիտական էթիկա  /6 ժամ/

Վարող՝ հ.գ.թ., Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան

Ինքնաներկայացում՝ հարցազրույցի փուլ, դայակի մուտքը ընտանիք: Դայակի մասնագիտական էթիկան: Վստահության մթնոլորտի ստեղծում: Աշխատանքային գրաֆիկի կազմում, ընտանիքի անդամների հետ փոխազդեցության կանոնները: Երեխայի հետ հարաբերությունների հաստատում, հուզական կապվածություն, բաժանում: Գործատուի ընտանիքում հոգեբանական հարմարավետության պահպանման պայմանները: Աշխատանքի ընթացքում ընտանիքի հետ ծագող դժվարությունները և հաղթահարման ուղիները:

2-րդ մոդուլ

Երեխայի զարգացման հոգեբանություն /10 ժամ/

Վարող՝ հ.գ.թ., Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան 

Տարիքային զարգացման փուլերն ու առանձնահատկությունները: Տարիքային ճգնաժամերի դրսևորումները: Ծնող-երեխա փոխհարաբերություններն ու դաստիարակության ոճերը: Երեխաների շփումը հասակակիցների հետ: Խրախուսանքն ու պատիժը դաստիարակության մեջ: Տարիքային վախերը և դրանց հաղթահարումը: Վարքային խնդիրներ, վնասակար սովորություններ: Ինչպե՞ս կանխարգելել և հաղթահարել  քմահաճությունները:

3-րդ մոդուլ

Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ  /6 ժամ/

Վարող՝ կլինիկական հոգեբան Գայանե Գուսիկյան

Մանկական օրգանիզմի զարգացումը, անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Նորածինների և մանկահասակ երեխաների հիվանդությունները, սուր թունավորումներ, վարակիչ հիվանդություններ: Բուժօգնության ցուցաբերման պրակտիկ հմտություններ՝ վիրակապ, հոգնա, ստամոքսի լվացում, ջերմության կարգավորում, արհեստական շնչառություն: Ռեժիմի ճիշտ կազմակերպում՝ քուն, սնունդ, խաղ: Հիգիենիկ միջոցառումներ:

4-րդ մոդուլ

Զարգացնող  խաղեր և վարժություններ: Պրակտիկում /10 ժամ/

Վարող՝ հոգեբան, մանկավարժ Նելլի Զարգարյան

Խաղի և երևակայության դերը երեխայի կյանքում: Խաղալիքների և նյութերի ընտրությունն ըստ տարիքի: Զարգացնող խաղեր: Երեխայի իմացական և հուզական ոլորտի զարգացում խաղերի միջոցով: Մանր մոտորիկայի զարգացում: Միասին ստեղծագործելու արվեստը: Խաղը՝ երեխայի խնդիրների հաղթահարման հարցում:

5-րդ մոդուլ

Հատուկ կարիքներով երեխաների խնամքի առանձնահատկությունները  /10 ժամ/

Վարող՝ հոգեբան-խորհրդատու, մանկավարժ Անահիտ Շահատունի

Հատուկ կարիքներով երեխաների զարգացման առանձնահատկությունները, խնդիրները, դժվարությունները: Երեխաների խնդիրների դասակարգումը, ի՞նչ է աուտիզմը, վարքային դրսևորումները, շփման առանձնահատկությունները և ներգրավումը հասարակության մեջ: Երեխայի հոգեկերտվածքի և խնամքի յուրահատկությունները՝ կախված  խնդրի բնույթից:

Դասընթացի արժեքը՝ 39 000 դրամ:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.