Դպրոցի և հոգեբանական կենտրոնի համագործակցության եզրերը
Հոկտեմբերի 18-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թեմատիկ հանդիպում դպրոցական անձնակազմի հետ՝ «ԴՊՐՈՑԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐԸ» խորագրով։
Հանդիպմանը մասնակցեցին դպրոցների շուրջ 90 ներկայացուցիչներ`տնօրեններ, փոխտնօրեններ, հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից։
Օրակարգում ներառված էին հետևյալ թեմաները՝ «Դպրոցում ագրեսիայի կանխարգելում և հաղթահարում», «Աշակերտների մասնագիտական կողմնորոշում», «Դպրոցի հոգեբանների գործառույթներ», «Արտ-թերապիան երեխաների և դեռահասների հետ աշխատանքում»,«Արտ-թերապիան որպես ուսուցիչների առողջության պահպանման միջոց», «Հոգեբանա-մանկավարժական համատեղ միջոցառումների կազմակերպում»:
Բացման խոսքով հանդես եկան կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյանը, արտ-թերապևտ Սյուզան Սարգսյանը, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը, հոգեբան Էդիտա Հովակիմյանը։
Այնուհետև, ըստ թեմաների, մասնակիցները բաժանվեցին 3 աշխատանքային խմբի, որոնց հետ առանձին-առանձին աշխատեցին կենտրոնի հոգեբանները։
Առաջին խմբի թեման էր՝ «Դպրոցում ագրեսիայի կանխարգելումն ու հաղթահարումը»։ Խումբը վարում էին կենտրոնի հոգեբաններ Արշակ Գասպարյանը և Էդիտա Հովակիմյանը։ Անդրադարձ կատարվեց դպրոցներում ագրեսիայի դրսևորման ձևերին, գնահատման չափանիշներին, ագրեսիվ վարքի կանխարգելման և կառավարման միջոցներին, քննարկվեց ագրեսիայի նվազեցմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության և նմանատիպ ծրագրերում բազմամասնագիտական թիմային աշխատանքի կարևորության հարցը։
Երկրորդ խումբը, հոգեբաններ Մարիա Թևոսյանի և Սյուզան Սարգսյանի ղեկավարությամբ, անդրադարձավ «Դպրոցի հոգեբանի գործառույթները» թեմային։ Քննարկվեցին դպրոցում հոգեբանի գործունեության խնդիրները, դժվարությունները, կրթական գործընթացի մասնակիցների հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտ պայմանները, դպրոցի հոգեբանի ներքին և արտաքին համագործակցության հարցերը և այլն։ Խմբի անդամ դպրոցների հոգեբանները ներկայացրեցին իրենց մասնագիտական փորձը և քննարկման դրեցին իրենց պրակտիկայից որոշ իրավիճակներ։
Երրորդ խմբի թեման էր «Մասնագիտական կողմնորոշումը», որը ներկայացրեցին մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը և հոգեբան Արմինե Հայրապետյանը։ Անդրադարձ կատարվեց մասնագիտության սխալ ընտրության հետևանքներին, մասնագիտական ճիշտ ընտրության չափանիշներին, մասնագիտական կողմնորոշման հոգեբանական մեթոդներին և այլն։
Աշխատանքային բոլոր խմբերի հետ հանդիպումներն ընթացան ակտիվ բանավեճերի, հարց ու պատասխանի, բուռն քննարկումների մթնոլորտում։
Մասնակիցները բարձր գնահատեցին միջոցառման արդյունավետությունը և ընդգծեցին նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ դպրոցներում առկա մի շարք խնդիրների վերլուծության, որոշ մտահոգիչ երևույթների կանխարգելման, կառավարման մեթոդների իմացության հարցում։
Միջոցառման ավարտին համընդհանուր ոգևորության մթնոլորտում եզրագծվեցին համագործակցության ընդլայնման, հոգեբանա-մանկավարժական համատեղ միջոցառումների նոր ծրագրեր։