ՓԱԽԵ՛Ք «հոգեբան»-ից, եթե․․․
Արդեն լայն տարածում է ստացել որոշ «հոգեբան»-ների կողմից անթույլատրելի՝ հոգեբանական էթիկայի նորմերի բազում խախտումներով, որոշ դեպքերում հոգեբանական աշխատանքի հետ աղերս չունեցող գուրծունեության ծավալումը։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, լինելով առաջինը, և ըստ էության պրակտիկ հոգեբանության հիմնադիրը Հայաստանում, պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող հոգեբանական գործունեության բոլոր դրսևորումների համար։ Մենք անհանգստացած ենք նման մասնագետների ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում վտանգավոր գործունեությամբ և տեղեկացնում ենք այն հնարավոր վտանգավոր քայլերի մասին, որոնց դեպքում օգտակար է անմիջապես հեռանալ նման մասնագետներից:
Պատկերավոր լինելու համար վերնագրել ենք․
ՓԱԽԵ՛Ք «հոգեբան»-ից, եթե․
- Ձեր հրավերով համաձայնում է խորհրդատվություն իրականացնել սրճարանում, զբոսայգում կամ այլ հասարակական վայրում:
- Ձեզ հրավիրում է սուրճ խմելու և առաջարկում սրճարանում խորհրդատվություն իրականացնել:
- Առաջարկում է կամ համաձայնում է զուգահեռ աշխատել ընտանիքի տարբեր անդամների (բացառությամբ ընտանեկան կամ զույգերի թերապիա) կամ ընկերների և բարեկամների հետ:
- Ձեզ համեմատում է իր կամ իր ծանոթների հետ:
- Բացահայտ իր կողմ կամ դեմ լինելն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
- Խոսում է Ձեզ անհասկանալի տերմիններով:
- Հիվանդություն է ախտորոշում և դեղեր նշանակում:
- Այցելուին ընդունում է ոչ ապահով միջավայրում (խորհրդատվության տարածքում կարող է իրենց լսեն կամ այլ մարդ մտնի սենյակ):
- Այցելուի հետ աշխատում է մեկ այլ այցելուի ներկայությամբ:
- Նույն ժամին զուգահեռաբար աշխատում է երկու և ավելի այցելուի հետ (միաժամանակյա աշխատանքի սեանս ցուցադրում):
- Այցելուի հետ աշխատանքի ժամանակ պատասխանում է հեռախոսի զանգերին, ինքն է զանգում կամ հեռախոսում ինչ-որ բան է փնտրում։
- Առանց այցելուի թույլտվության ձայնագրում է հանդիպումը։
- Քննադատում կամ խրախուսում է այցելուի այս կամ այն արարքը։
- Գնահատականներ է տալիս, պիտակավորում է, ամոթանք տալիս։
- Սեփական կյանքի օրինակները, դրվագները պարտադրում է այցելուին։
- Քարոզներ է կարդում, «դաստիարակչական» աշխատանք տանում
- Փորձում է ցուցադրել, որ ինքն այցելուից ավելի բանիմաց է, օգտագործում է «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» և նման արտահայտություններ։
- Խտրական վերաբերմունք է ցուցաբերում այցելուի կրոնական, սեռական, ռասսայական կամ որևէ այլ կողմնորոշման նկատմամբ։
- Արժեզրկող, գնահատողական վերաբերմունք է դրսևորում այցելուի հանդեպ, օգտագործում է «թեթև տար» և նման արտահայտություններ։
- Անհիմն հուսադրում է, երաշխիքներ է տալիս, օգտագործում է «լավ կլինի», «կանցնի կգնա» և նման արտահայտություններ։
- Խորհուրդներ է տալիս, օգտագործում է «գնա մազերդ այս գույնի ներկի, քանի որ իմ մայրիկի մազերն այդ գույնի են», «Դու ինձ լսիր, սպասիր, տես՝ ես քեզ ինչ եմ ասում» կամ նման արտահայտություններ։
- Սեռական ոտնձգությունների դիմում, սեռական հարաբերությունների առաջարկ է անում այցելուին կամ ցանկացած այլ կերպ խախտում մարմնական սահմանը՝ չափազանց մոտ է նստում, հպվում է, ․․․
- Համաձայնվում է աշխատել ներկա կամ նախկին սեռական զուգընկերոջ հետ։
- Համաձայնում է գնալ տուն կամ որևէ այլ վայր, այցելուին հանդիպել իբրև նրա բարկամներից որևէ մեկի ծանոթ և, առանց նրան տեղեկացնելու իր մասնագիտության մասին, փորձի իրականացնել «հոգեբանական» աշխատանք։
- Այցելուին հրավիրում է տուն։
- Ընդունում կամ տալիս է նվերներ։
Խնդրում ենք ուշադիր լինել, և եթե հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կասկածելի է թվում, չեք հասկանում նրա որևէ խոսք, վերաբերմունք, վարմունք, գրեք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։
Հոգեբանական գործունեություն իրականացնող բոլոր մասնագետներին ևս մեկ անգամ հորդորում ենք անվերապահորեն հետևել հոգեբանի էթիկական կոդեքսին։