Վիրտուալ իրականությունը ժամանակակից մարդու արժեհամակարգում
Ակնհայտ իրողություն է, որ ժամանակակից հասարակությունը գտնվում է զարգացման որակապես մեկ այլ ձևի՝ տեղեկատվական հասարակության, ավելի լայն իմաստով` տեղեկատվական քաղաքակրթության անցնելու փուլում: Բազմաթիվ ուսումնասիրություններում ապացուցվել է, որ մարդու լիարժեք զարգացումը և սոցիալական խմբերի ու հասարակության նորմալ գործունեությունը անհնար է առանց մշտական տեղեկատվական հաղորդակցման: Սակայն, անտեսվել է այն փաստը, որ անհատի և հասարակության համար տեղեկատվական-հաղորդակցական գործընթացները հետզհետե ավելի իրական սպառնալիքների վերածվելու վտանգ են թաքցնում իրենց մեջ:
Ժամանակակից հասարակության մեջ վերջին քսան տարվա ընթացքում զանգվածային տեղեկատվական միջոցների, մասնավորապես, համացանցի դերի կտրուկ աճը վերածել է այն սոցիալիզացիայի կարևորագույն գործիքի: Եվ գրեթե բոլոր դեռահասները, պատանիներն ու երիտասարդները իրենց թե՛ աշխատանքային և թե՛ ազատ ժամանակը անց են կացնում վիրտուալ տարածության մեջ:
Կարելի փաստել, որ ինտերնետը, մի կողմից, հնարավորություն է տալիս շատ արագորեն տեղեկություններ ստանալ, շփվել, սովորել, որոնել ինֆորմացիա, իրազեկվել, սակայն, մյուս կողմից, նույն արագությամբ այն տարածում է նաև բացասական, ոչ հավաստի տեղեկություններ և թափանցելով անհատի անձնական տարածք՝ թուլացնում մարդու իրական սոցիալական կապերը:
Մարդն իր ամենօրյա կյանքում ավելի ու ավելի է կախման մեջ ընկնում զանգվածային հաղորդակցման միջոցներից, որոնք նրա համար ստեղծում են յուրատեսակ “երկրորդ իրականություն”, “սուբյեկտիվ իրականություն”, որի ազդեցությունը ոչ պակաս նշանակալից է, քան օբյեկտիվ իրականության ազդեցությունը:
Ինտերնետը, դառնալով մարդու առօրյա կենսագործունեության հիմնական և կարևոր բաղադրամաս, շատերի մոտ վերածվում է պաթոլոգիկ զբաղմունքի:
Դեռևս ութսուն տարի առաջ “սոցիալական ցանցեր” բառակապակցությունը կլիներ ուղղակի դատարկ արտահայտություն, իսկ հիմա, եթե ժամանակակից մարդը չունի որևէ ցանցում “էջ”, դա թվում է տարօրինակ կամ կասկածելի, իսկ ինտերնետից օգտվել չկարողանալը դիտարկվում է որպես անգրագիտություն: Այս իմաստով կարելի է ասել, որ 21-րդ դարի գրագիտության յուրահատուկ չափանիշ է դարձել համակարգչից, առավել ևս՝ համացանցից օգտվելը:
Հաշվիչ տեխնիկայի արագ զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման պայմաններում, որոնք հեղափոխական ազդեցություն են գործում հասարակության վրա առավել արդիական է դարձնում նաև անձնավորության բովանդակային զարգացումը ուղղորդող արժեքային կողմնորոշիչների հիմնահարցը:
Այդ առումով ինտերնետը և սոցիալական ցանցերը ոչ միայն հանդես են գալիս իբրև երկրորդային սոցիալականացման հզոր գործոններ, որի ընթացքում էլ ձևավորվում են արժեքներ, հետաքրքրություններ, նպատակներ, այլ նաև երբեմն հաղթող են դուրս գալիս իրական առաջնային սոցիալականացման հաստատությունների հետ մրցակցությունում: Եվ այս գործընթացում, հատկապես մեծ դեր են խաղում սոցիալական ցանցերը:
Սոցիալական ցանցերը մտել են մեր առօրյա իրականություն ու դարձել նրա շատ կարևոր և անբաժանելի մասը: Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերի մեջ ներգրավվածության հիմնական դրդապատճառը մեծ քանակությամբ զրուցակիցների հետ միաժամանակ շփվելու, անհրաժեշտ տեղեկատվություն կամ պարզապես ժամանակ անցկացնելու անսպառ հնարավորություններն են:
Սոցիալական ցանցերի հնարավորությունները տարեց տարի ընդլայնվում են, որը հնարավորություն է տալիս, բացի միջանձնային շփում իրականացնելուց, դիտել տարաբնույթ տեսահոլովակներ, ընթերցել գիտական և զարգացնող, ճանաչողական հոդվածներ, ստեղծել մասնագիտական հետաքրքրություների վրա հիմնված խմբեր:
Եվ աստիճանաբար այդ գործընթացի արդյունքում դեռահասների, պատանիների և նաև երիտասարդների մի հսկայական բանակ արդեն «ապրում են» վիրտուալ իրականության մեջ՝ առաջացնելով հոգեբանական կախվածության այնպիսի ձևեր, ինչպիսին են ինտերնետ կամ սոցիալական ցանցերից կախվածությունը:
Պետք է նշել, որ ինտերնետ կախվածություն ունեցողներին բնորոշ է գիտակցության հատուկ վիճակ, երբ զանազան ինֆորմացիոն նյութերը, որոնք նրանք տեսնում և ընթերցում են համացանցում դառնում են շատ կարևոր, և անձը չի կարողանում «բաց թողնել» նորանոր ինֆորմացիաները և ազդակներով գերգրգռված գլխուղեղը չի կարողանում «հասցնել» այդ ամենը մշակել` կորցնելով նպատակայնության, աստիճանակարգի և հետևողականության իր ֆունկցիան՝ առաջացնելով գիտակցության որոշակի փոփոխված վիճակ: Եվ համացանցի ծայրահեղ դրսևորումներից կարող է լինել իրական կյանքի հետ կապի խզումը, այն է՝ հեռացումը իրականությունից, իրական շփումներից, ի վերջո, նաև լիարժեք կենսագործունեությունից զրկվելը:
Եվ եթե հասուն մարդը, որպես կանոն, կարող է սահամանափակել սոցիալական ցանցերից եկող տեղեկատվական հոսքը, ապա դեռահասները և պատանիները, ունենալով հոգեբանական անկայունություն, բարձր ներշնչվողականություն ու ակտիվություն և հակասական ընկալումներ, գտնվում են բավականին խոցելի վիճակում:
Իհարկե, ի սկզբանե սոցիալական ցանցերը ստեղծված էին շփման, սոցիալական տարբեր խնդիրների շուրջ դիրքորոշումների և մտքերի արտահայտման, ստեղծագործական արդյունքների ցուցադրման և լայն զանգվածների հետ հաղորդակցվելու, կիսվելու նպատակով: Դրանք բոլորը հիմնականում միտված էին մարդու ինքնաարտահայտման և ինքնաներկայացման պահանջմունքների բավարարմանը:
Եվ եթե այսօր սոցիալական ցանցերը, մի կողմից, դրական լիցք են հաղորդում օգտվողներին, քարոզում են առողջ ապրելակերպ, անձի հոգևոր զարգացում և դարձել են զվարճանալու և առօրյայի հոգսերից ազատվելու միջոց, միաժամանակ, նաև մեծացնում են գիտության հանդեպ հետաքրքրությունը, ապա, մյուս կողմից, տարիների ընթացքում դրանք վերածվեցին, նախ, նարցիստիկ դրսևորումերի խրախուսման, սեփական անձի կերպարի ուռճացման, ցուցադրականության, «սոցիալական էքսգիբիցիանիզմի» դրսևորման միջավայրի (եթե իրական կյանքում մարդկանց ստիպեն, որ իրենց մասին մանրամասն ինֆորմացիա հաղորդեն, օր.՝ գտնվելու վայրը, զբաղմունքը այդ պահին և այլն, ապա նման դեպքերում այդ մարդիկ դա կդիտարկեն որպես ներխուժում անձնական դաշտ կամ իրավունքների ոտնահարում, մինչդեռ սոցիալական կայքերի միջոցով մարդիկ կամավոր ամեն ինչ “պատմում են իրենց մասին”) նաև վիրտուալ, իդեալական Ես–կերպարի, ոչ ֆորմալ երիտասարդ լիդերների ստեղծման, որոնց «բլոգերը» շատ են ընթերցվում, ուղղակի կամ անուղղակի կերպով տարածելով իրենց համոզմունքները և դիրքորոշումերը: Սոցիալական կայքերը մի դաշտ են, որտեղ մարդիկ իրենց «աստղեր» են դարձնում մեծաքանակ «friendn»-ների բանակով, անընդհատ գտնվելով նրանց գնահատականների ազդեցության ներքո, ներխուժելով մարդկանց անձնական դաշտ, այն վերածում սեփական կարողության ցուցադրման, մրցակցության, սպառողական աշխարհայացքի և շքեղ կյանքի քարոզչության հարթակի:
Մյուս՝ ոչ պակաս հետաքրքրական է այն իրողությունը, երբ որևէ սոցիալական կայքում ինչ որ մեկը դառնում է “ընկեր” և մտնելով նրա հոգեկան տարածք, արդեն կարող է տեղեկանալ տվյալ անձնավորության մասին, իմանալ նրա հետաքրքրությունների, տրամադրությունների, նախասիրությունների մասին և արդյունքում ստացվում է, որ այդ վիրտուալ ընկերներից երբեմն մարդիկ ավելի շատ են կախվածություն ունենում, քան իրական ընկերներից:
Հոգեբանական առումով առավել լուրջ վտանգներից մեկը, որ անհանգստացնում է մասնագետներին, այն է, երբ մարդու մոտ անհետանում է վիրտուալ և իրական շփումների միջև գոյություն ունեցող սահմանագիծը, որովհետև հոգեբանական կախվածությունը առաջանում է հենց այն ժամանակ, երբ շփումը վիրտուալ ընկերների հետ դառնում է ավելի կարևոր, քան իրական ընկերների հետ հարաբերվելը:
Իհարկե, օրվա զգալի մասը սոցիալական ցանցերում գտնվելը ազդում է երիտասարդների մտածողության, դիրքորոշումերի, արժեհամակարգերի, բարոյական գիտակցության ձևավորման, վարքային մոդելների, կյանքի նպատակների, նախընտրությունների փոփոխման վրա: Եվ քանի որ ժամանակակից հասարակությանը բնորոշ է սպառողական վարքի քարոզչությունը, բնականաբար, սոցիալական ցանցերը ևս հանդիսանում են մեծաքանակ մարդկանց վրա մանիպուլյացիայի, ոչ ուղղակի ձևով ներազդելու հարմար միջոց:
Այսպիսով, այսօր արդեն ակնհայտ է, որ տեղեկատվական-հաղորդակցական նոր տեսակը՝ համացանցը, մասնավորապես սոցիալական ցանցերը, ձևավորում են սոցիալականացման նոր տարածություն և արժեհամակարգի քարոզման նոր դաշտ, որը իր հետ բերում է և նոր հնարավորություններ ու նոր ռիսկեր: Իսկ սոցիոմշակութային ռիսկերից խուսափել համար անհրաժեշտ է ստեղծել նորարարական վերահսկիչ համակարգեր։
Հոդվածի հեղինակ՝ հոգեբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարոյան