Մեկնաբանման հիմնախնդիրն արտ-թերապիայում

Ժամանակակից արտ – թերապիան շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Մեծ տեղ ունի նոր ձևերի ու մոդելների որոնումը, որը թույլ է տալիս էլ ավելի բարձրացնել մեթոդի արդյունավետությունը։ Արտ – թերապիայի զարգացումը վերջին ժամանակներում մեծապես կախված է մարդկանց կյանքի, սպասելիքների և պահանջմունքների փոփոխություններից և մեծացող այն պահանջներից, որոնք վերաբերվում են հոգեթերապևտիկ տարբեր մեթոդների գիտական հիմնավորմանը և արդյունքների ստուգմանը։ Արտ– թերապևտիկ խմբերի հետ մեր աշխատանքները հնարավորություն են տալիս տեսնելու մեթոդի հեռանկարները, հարուստ նյութ և նոր գաղափարներ են տալիս քննարկումների համար։ Արտ–թերապիան թերապևտիկ մյուս ուղղություններից տարբերվում է մեթոդին հատուկ մի քանի առանձնահատկություններով․

            1․Արտ – թերապիան աշխատում է այլաբանությունների և սիմվոլների միջոցով;

             2․Արտ – թերապևտիկ աշխատանքը եռակողմ է․թերապևտիկ աշխատանքի լիիրավ անդամներն են արտ-թերապևտը, այցելուն և այցելուի ստեղծագործությունը;

             3․Արտ – թերապիան միշտ ռեսուրսային է և ցուցված է բոլորին։

            Արտ – թերապիայի շրջանակներում աշխատող մասնագետը հաճախ է բախվում մի կարևոր խնդրի և փորձում է պատասխաններ փնտրել ինչպես պրակտիկայում, այնպես էլ հոգեբանության տեսության մեջ․ դա այցելուի աշխատանքների մեկնաբանման խնդիրն է։ Եթե այցելուի ստեղծած ցանկացած գործ թերապևտիկ աշխատանքի կարևորագույն մասն է, ապա ինչպես պետք է հասկանալ այն, առավել ևս փորձել մեկնաբանել։ Այս հարցը մեթոդի ստեղծման պահից եղել է տարբեր ուղղություններով աշխատող արտ–թերապևտների ուշադրության կենտրոնում։ Արտ–թերապիայի հիմնադիրները՝ Ա․Հիլը, Մ․Նաումբուրգը, Է․Կրամերը, հոգեվերլուծական ուղղության ներկայացուցիչները, հոգեթերապևտիկ հարաբերություններում հենվում էին այցելուների հենց ստեղծագործական գործունեության վրա։ «Էդիթ Կրամերը,երեխաներին կերպարվեստ սովորեցնելով, ընդգծում էր  ստեղծագործական գործընթացի ապաքինող բնույթը, առանց այն մեկնաբանելու» (2,90)։ Իհարկե, ստեղծագործական աշխատանքն ինքնին շատ թերապևտիկ և բարերար ազդեցություն է ունենում այցելուի վրա, դա լինի նկար, կավով աշխատանք, կոլաժ թե ստեղծագործական նամակ։ Բայց արտ–թերապևտը պետք է միայն հետևի՞ այդ աշխատանքին, թե նաև վերլուծի, մեկնաբանի այցելուի ստեղծագործությունը, և արդյոք թերապևտը պիտի մեկնաբանի։

Բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե վերլուծողը հիմնականում ղեկավարվի մեկնաբանման միայն մեկ մեթոդով։ Է․Կելլիշը գտնում է, որ պետք է գործունեության ցանկացած արդյունքի վերլուծության ժամանակ հաշվի առնել տարբեր գործոններ։ Գեղարվեստական ստեղծագործությունը կարող է դիտարկվել որպես անհատական, սոցիալական և մշակութային գործոնների փոխազդեցության արդյունք ( 1,20)։ Բացի այդ, պատկերի ստեղծման վրա իրենց ազդեցությունն ունեն այցելուի և հոգեթերապևտի հարաբերությունները, այցելուի և գեղարվեստկան նյութերի փոխազդեցությունը և այլն։ Մեկնաբանման խնդիրն արտ–թերապիայում առանցքային է, մանավանդ որ արտ–թերապևտներն աշխատում են հոգեբանական տարբեր ուղղություններում։ Առաջիններից, ով փորձեց օգտագործել որոշակի համակարգ, վերլուծելու այցելուների ստեղծած պատկերները, Էդիթ Կրամերն էր։ Նա իր աշխատանքներում ուշադրություն էր դարձնում այցելուի օգտագործած նյութերին, և թե դրանք ինչպես են օգնում մարդուն՝ հասկանալու սեփական ապրումները։ Այդ ուսումնասիրություններն իրենց ժամանակին շատ կարևոր էին նոր մեթոդի զարգացման համար։ Ջ․Ռուբինը ևս փորձում էր զարգացնել պատկերների սիմվոլիկ նշանակության հասկացումը։ Նա առաջիններից մեկն էր, որ մատնացույց արեց մեկնաբանման այն հնարավորության վրա, որն ուղղված է ոչ այնքան պատկերների նշանակության բացահատմանը, որքան դրանց իմաստների բացահայտմանը։ Մ․Նաումբուրգն արդեն նշում էր, որ այցելուն պետք է հնարավորություն ունենա տեսնելու ստեղծագործության մեջ իր սեփական իմաստը։ Եթե որոշակի դժվարություններ առաջանային, կարելի էր օգտագործել ազատ զուգորդումների մեթոդը, ավելի լավ հասկանալու համար սիմվոլիկ արտահայտչամիջոցները։ Նրանք աշխատում և մեկնաբանում էին իրենց այցելուների նկարները հոգեվերլուծության դաշտում։ Յուրաքանչյուր պատրաստված արտ- թերապևտ իր մեկնաբանումների մեջ կարող է տալ շատ հիմնավորված ենթադրություններ։ Տարբեր մոտեցումներ կան, որոնց մենք կանդրադառնանք և կանգ կառնենք հատկապես ֆենոմենոլոգիական մոտեցման վրա։

            Խորքային հոգեբանության մոտեցումը և մեկնաբանման խնդիրը․պատկերների բովանդակությունն արտացոլում է անգիտակցական գործընթացները, և դա պարտադրում է արտ–թերապևտին լավ ուսումնասիրել սիմվոլների ստեղծման մեխանիզմները։ Բայց անգամ դրանց իմացությունը երաշխիք չէ, որ արտ–թերապևտը կհասկանա պատկերի ակնհայտ և թաքնված բովանդակությունը։ Հեղինակների մեծամասնությունը խոստովանում է ( Արիետի, Հոմի), որ դիպուկ և ճիշտ մեկնաբանումներն ավելի շատ նպատակ են, քան՝ արդյունք։ Նրանց կարծիքով մեկնաբանումներն ավելի ճշգրիտ կլինեն, եթե վերլուծողը հասկանա այն իրավիճակը, որում ստեղծագործել է մարդը, այլ ոչ թե հետևի իրական պատկերացումներին, նաև մեկնաբանումներում լինի պակաս ավտորիտար և իր սեփական պրոբլեմները չխանգարեն այցելուի ստեղծագործության ընկալմանը։

Խորքային հոգեբանության ներկայացուցիչները երկար տարիներ ուսումնասիրում են անգիտակցականը։ Ըստ Զ․Ֆրեյդի, սիմվոլներն արտացոլում են անձի ճնշված ցանկությունները, դրանք դեֆորմացված պահանջմունքներն են։ Սիմվոլի հասկացությունն արտ–թերապիայի համար ունի սկզբունքային նշանակություն։ Դրանք կամուրջ են հոգեկան կյանքի գիտակցական և անգիտակցական մակարդակների միջև։ Օգտագործելով սիմվոլներն իր պատկերներում՝ այցելուն հասնում է այդ մակարդակների ինտեգրացիային, որն էլ թերապևտիկ և ապաքինող ազդեցություն է ունենում մարդու վրա։ Կ․Յունգի համար սիմվոլները հոգեկան արտահայտչականության բնական միջոց են՝ հոգեկանի զարգացման տարբեր փուլերում։ Սիմվոլները սերտ կապի մեջ են անհատական և կոլեկտիվ անգիտակցականի դինամիկայի հետ։ Այն սիմվոլները, որոնք արտացոլում են կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունը, արքետիպային սիմվոլներ են։ Յունգը գտնում էր, որ սիմվոլները ծառայում են ոչ միայն հոգեկան հավասարակշռության վերականգնմանը, այլև անձնային աճին։ Դրանց միջոցով մարդը կարող է փոխազդեցության մեջ մտնել արգելափակված անգիտակցականի և նրա էներգիայի հետ՝ աստիճանաբար գալով դրանց գիտակցմանն ու հոգեկան ամբողջականությանը։

            Հոգեվերլուծությունը կենտրոնացած էր ավելի շատ անգիտակցական մոտիվների վրա, որոնց հիմքում արտամղված և ճնշված ցանկություններն են, յունգյան մոտեցումը, չհերքելով վերը նշածը, ընդունում էր հոգեկանի ինքնաապաքինող հնարավորությունները՝ շեշտը դնելով անգիտակցական նյութի արտացոլման և հետագա ինտեգրացիայի վրա ( 1․26)։

            Ֆորմալիստական մոտեցման համաձայն վերլուծության ժամանակ պետք է կենտրոնանալ հենց գեղարվեստական ստեղծագործության վրա, ուշադրություն դարձնել նրա ձևերին՝ մասերի հավասարակշռությանը, կրկնվող մոտիվներին, գծերի և ձևերի ուղղվածությանը, որոնք ի վերջո ստեղծում են ամբողջական պատկեր, որը գոյություն ունի անկախ իր ստեղծողից և վերլուծողից ( 1․26-27)։

            Մեկնաբանման մոտեցումների բազմազանությունն առաջ է բերում մի կարևոր անհրաժեշտություն․արտ–թերապևտների ուշադրության բևեռմանը այցելուների աշխատանքներին, երբ մարդն ինքն է փորձում տեսնել իր ստեղծագործության մեջ որոշակի իմաստ, կապել իր ներաշխարհի և հուզական վիճակների հետ։ Այստեղ հետաքրքիր և անգնահատելի է ֆենոմենոլոգիական մոտեցման դիրքորոշումը։

            Ֆենոմենոլոգիական ուղղության հիմնադիր Էդմունդ Հուսերլը դեռևս 20-րդ դարի սկզբներին կարևորում է սուբյեկտիվ փորձի ուսումնասիրումը։ Դա նշանակում է, որ օբյեկտի ընկալման գործընացում հանդիսատեսը, սուբյեկտն արարում է այդ օբյեկտը՝ նրան որոշակի իմաստ վերագրելով։ Եվ Հուսերլն առաջարկում է օգտվել մի մեթոդից, որը զերծ է գնահատականներից և հուզական պրոյեկցիաներից։ Ֆենոմենոլոգիական մոտեցման  նշանավոր ներկայացուցիչ Մալա Բետենսկին այսպես է բնորոշում մեկնաբանման սկզբունքները․« Արտ–թերապիայի սկզբում այցելուներն ուղղակի և կոնկրետ ապրում են ստեղծագործական ինքնարտահայտման գործընթացը։ Այնուհետև այցելուներն ունենում են որոշակի ապրումներ՝ կապված ֆենոմենի ստեղծման հետ․․․Նրանց այստեղ պետք է օգնել, որ սովորեն նայել և տեսնել այն ամենն, ինչը կարելի է տեսնել սեփական ստեղծագործության մեջ» ( 3,էջ 17-18)։ Հիշենք, որ ֆենոմենը ( բառն առաջացել է հունարեն « հայտնվել» բայից) կարող է ընկալվել և հասկացվել զգացմունքների և մտածողության օգնությամբ։ Այստեղից էլ առանձնացնենք ֆենոմենոլոգիական մեթոդի այն հիմնական սկզբունքները, որոնք առանցքային և կարևոր են արտ–թերապևտիկ աշխատանքում, և հատկապես մեկնաբանումների ժամանակ;

  • Այցելուն, ով ստեղծագործության ստեղծողն է, թերապևտիկ գործընթացի կենտրոնական օղակն է;
  • Հենց նա է իր ստեղծած արդյունքի, ֆենոմենի հետազոտողն ու մեկնաբանողը։ Այսինքն, իմաստները չեն պարտադրվում արտ – թերապևտի կողմից։
  • Այցելուի ստեղծագործական ինքնարտահայտմանն արտ–թերապիայում պետք է անդրադանալ առանց կանխակալ գնահատականների։

Արտ-թերապայում  ֆենոմենոլոգիական մեթոդի կիրառման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ևս մի քանի առանձնահատկությունների, մասնավորապես վերլուծությունների ժամանակ։ Արտ-թերապևտին կարևոր տեղեկություն են տալիս այցելուի կողմից ընտրված գեղարվեստական նյութերը՝ յուղամատիտ, գուաշ, ակվարել, որոնց օգտագործումը շատ բան է ասում մարդու ներաշխարհի, ճգնաժամային վիճակների մասին։ Այցելուի ստեղծագործական աշխատանքը մի քանի փուլով է ընթանում․ նախապատրաստական, անմիջական ապրման փուլ, բուն ստեղծագործական աշխատանք և ֆենոմենի ստեղծում, որը ենթադրում է այցելուի կողմից սեփական աշխատանքի դիտում՝ տեսանկյան փոփոխման, գծերի և ձևերի ինտուիտիվ ընկալման, լուռ հայեցողության և խոսքայնացման ճանապարհով։ Եվ շատ կարևոր է, որ արտ-թերապևտը լսի ինչպես այցելուի խոսքը, այնպես էլ նրա լռությունը։ Ֆենոմենոլոգիական մեթոդով աշխատող արտ-թերաապևտի համար առանցքային է դառնալ այն ուղեկցողը, ով հնարավորություն կտա այցելուին նայել և իր ստեղծագործության մեջ տեսնել այն, ինչ միայն ինքը կարող է տեսնել և մեկնաբանել։ Այդ ճանապարհն է տանում ինքնաճանաչման։ « Ինչ ես դո’ւ տեսնում, դու, ստեղծողդ», հատկապես այս հարցադրմամբ է տարբերվում ֆենոմենոլոգիական մոտեցումը թերապևտիկ այլ ուղղություններից։

            Որքան էլ կարևորում ենք ֆենոմենոլոգիական մոտեցումը, արտ-թերապևտիկ մեր աշխատանքներում կողմնակից ենք մեկնաբանման ավելի համալիր մոտեցման, և ինչպես այցելուի անձը, նրա մեկնաբանումներն իր իսկ ստեղծածի վերաբերյալ, այնպես էլ հենց բուն ստեղծագործությունը մեր ուշադրության կենտրոնում են գտնվում։ Առավել արդյունավետ դիրքորոշում է վերլուծության և մեկնաբանման ժամանակ լինել առավել ազատ նախնական գնահատականներից և տեսական կողմնորոշումներից։ Աշխատանքի նախնական փուլում պետք է զերծ մնալ, հրաժարվել մեկնաբանման գայթակղությունից, որևէ իմաստ չփնտրելը հնարավորություն է տալիս ավելի լավ ներընկղմվել պատկերի մեջ և կարևորել այցելուի մեկնաբանումները։ Այնուհետև պետք է անցնել պատկերի ավելի մանրակրկիտ ուսումնասիրմանը, բայց ոչ մեկնաբանմանը; Այստեղ կարևորվում են այցելուի ստեղծագործությունից ստացած առաջին տպավորությունը, ձևերը, գծերը, ամբողջ պատկերի ուղղությունը, գույների ընտրությունը և իհարկե սիմվոլները։ Սիմվոլների հետ աշխատանքի հիմնականում երեք ուղղություն կա․

1․Առաջին մակարդակը անձնային սիմվոլներն են։ Այստեղ աշխատանքն ավելի թերապևտիկ է, քանի որ դրանք անձի կյանքից են, երազներից։ Եվ այդ սիմվոլները կարող է հասկանալ և մեկնաբանել այցելուն ինքը։ Այստեղ աշխատում ենք հատկապես ֆենոմենոլոգիական մոտեցմամբ։ Հոգեբանը հարցերով ուղղորդում է մարդուն, որ նա սկսի տեսնել իր ստեղծագործության մեջ որոշակի իմաստ։

2․Երկրորդ մակարդակը մշակութային սիմվոլների դաշտն է։ Աշխատելիս արտ-թերապևտը մեծ ուշադրություն է դարձնում այցելուի մշակութային պատկանելությանը։ Օրինակ, սպիտակ գույնը մի մշակույթում սգո խորհրդանիշ է, մյուսում՝ անմեղության, անաղարտության, մաքրության։

3․Երրորդ մակարդակը արքետիպային սիմվոլների մակարդակն է, որն ավելի ռեսուրսային է, երբ մարդն ապավինում է իր խորքային ապաքինող հնարավորություններին։ Այստեղ գործ ունենք այնպիսի սիմվոլների հետ, որոնք համընդհանուր են բոլոր մշակույթների համար, օրինակ՝ ծառը, որը բոլորի համար նույն իմաստն ունի․ ամրություն, արմատների զգացողություն, փոթորիկներին դիմակայելու ընդունակություն։ Կամ արևը, որպես էներգիայի, ակտիվության, ջերմության խորհրդանիշ։ Եվ երբ մարդը նկարում է, կամ գրում արքետիպային սիմվոլների մասին, արտ-թերապևտի համար դա բավականին կարևոր նյութ է աշխատելու համար։

            Ներկայումս արտ-թերապիայում օգտագործում են մեկնաբանման տարբեր մոտեցումներ, և վերն արծարծած հարցերը նորանոր քննարկումների և ուսումնասիրությունների դաշտ կարող են ստեղծել հետազոտողների համար։

Սյուզան Սարգսյան

ԵՊՀ Սոցիալական  հոգեբանության ամբիոնի դոցենտ

Հոգեբանական գիտությունների թեկնածու

 

 

Գրականություն

1․Арт-терапия в эпоху постмодерна. под ред.А.И.Копытина.СПБ.2002.

2.Арт-терапия. Хрестоматия.под ред. А.И.Копытина.СПБ.2001.

3.Бетенски Мала.Что ты видишь.Москва.2002.

 

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.