Ընտանիքի դերը կակազության շտկման և երկրորդային շեղումների կանխարգելման գործում
Կակազությունը խոսքի տեմպո-ռիթմիկ խանգարումն է, որն ուղեկցվում է խոսքային ապարատի մկանների մենահատուկ ջղաձգումներով:
Կասկած չի առաջացնում այն փաստը, որ կակազության խնդիրն ինքնին համակարգային է և հնարավոր չէ այն հաղթահարել որևէ մեկ` նեղ ուղղվածության մեթոդով: Կակազության հաղթահարման համակարգային մոտեցումն իրենից ենթադրում է լոգոպեդական, հոգեթերապևտիկ և կլինիկական ուղղություններով հոգեշտկողական աշխատանք:
Քանի որ կակազությունն իր բնույթով նևրոտիկ տիպի խանգարում է, հոգեթերապևտիկ միջամտությունները դիտարկվում են որպես առաջնային` խոսքի տվյալ տեսակի խանգարման հաղթահարման գործընթացում: Սակայն ոչ պակաս կարևոր և նույնիսկ անգնահատելի մեծ արժեք է իրենից ներկայացնում հենց ծնողների միջամտությունն այդ գործընթացին: Ուսումնասիրելով մի շարք հեղինակների, ովքեր ընդգծել ու կարևորել են ծնողների մասնակցությունը կակազության բուժման գործընթացում, եկել եմ այն եզրակացության, որ մասնագետների ներդրումը որքան էլ անթերի ու հիմնարար լինի, առանց ծնողի օգնության վերջինս կկորցնի իր բուն նշանակությունը: Ծնողը հանդես է գալիս որպես միջնորդ երեխայի և մասնագետների միջև: Որքան նա իրազեկ ու խելամիտ լինի, այնքան մեծ արդյունավետությամբ կարելի է հաղթահարել երեխայի համար այդ սարսափելի խանգարումը:
Ծնողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար՝ ստորև ես կթվարկեմ գործնական առաջարկություններ.
- Շատ կարևոր է կազմել այն իրավիճակների ցուցակը, որտեղ երեխայի խոսքը զգալիորեն տուժում է, այսինքն՝ ավելանում է ջղաձգումների քանակը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց անմիջական միջամտությամբ ազդում են երեխայի հուզական մակարդակի վրա: Նմանօրինակ գրանցումները հնարավորություն կտան խուսափել և պաշտպանել երեխային այդ իրավիճակներց կամ մարդկանցից: Երբեմն առօրյա միջավայրի փոփոխությունը, օրինակ՝ քաղաքից դուրս գտնվելը, տատիկի տուն գնալը կամ որոշ ժամանակով այլ վայր տեղափոխվելը կարող է դրականորեն ազդել երեխայի խոսքի բարելավման վրա:
- Խուսափել այն վիճակներից, որոնք ընդգծված կերպով գրգռում, ոգևորում կամ ճնշում են երեխային: Թվարկված բոլոր դեպքերը սթրեսորներ են, որոնք նպաստում են ջղաձգումների սռաջացմանը:
- Ցանկալի է, որ քնելուց առաջ նախորդեն մի քանի գործողությունների հաջորդականություն, օրինակ՝ խաղալիքները հավաքել, լողանալ, հեքիաթ լսել և այլն: Օրակարգված գործողությունները, որպես կանոն, նվազեցնում են տագնապայնության մակարդակը և օգնում են հանգիստ քնին:
- Կակազության սուր դրսևորման ժամանակ անհրաժեշտ է լիկվիդացնել հոգետրավմատիկ իրավիճակը: Եթե այն տեղի է ունեցել, օրինակ, մանկապարտեզում, ապա երեխայի այցելությունը մանկապարտեզ անթույլատրելի է: Պետք է ապահովել ընտանեկան մթնոլորտ նվազագույնը երկու ամիս:
- Որոշ ժամանակ ցանկալի կլինի, որ երեխան հեռուստացույց չնայի, բնականաբար, խոսք անգամ չի կարող լինել ժամերով հեռուստացույցի առաջ նստելու մասին: Բայց, եթե երեխան շատ մեծ սիրով ու հետաքրքրությամբ նայում է որևէ հաղորդում, մի վիճեք նրա հետ, թող նայի: Բայց նույնիսկ այս դեպքում հարկավոր է, որ մեծերից մեկը նստի նրա հետ ամբողջ հաղորդման ժամանակ և, եթե հարկավոր է, բացատրություններ տա անհասկանալի կամ վախ ներշնչող իրավիճակներին:
- Սովորեցրեք երեխային սեղանի խաղեր խաղալ՝ լոտո, մոզաիկա, կոնստրուկտոր: Սա ոչ միայն հանգստացնում է, այլև զարգացնում է երեխայի մանր մոտորիկան, որի համար պատասխանատու օջախն, ինչպես գիտենք, խոսքի կենտրոններին <<հարևան>> է:
- Չմոռանանք շնչառության մասին: Ինչպես շնչում ենք, այնպես էլ ապրում ենք: Անհրաժեշտ է պարբերաբար կատարել շնչառական վարժություններ, ռիթմիկ գործողություններ, երգել և շարժվել դրան համապատասխան: Խաղեր ավազի և ջրի հետ: Վերջիններս ամրապնդում են նյարդային համակարգը:
Շնչառական դասական վարժությունների օրինակներ են.
- Խորը ներշունչ և միաժամանակ ձեռքերը բարձրացնել վերև /1-2 հաշվին/, և արտաշունչ ու դրան համապատասխան ձեռքերն իջեցնել ներքև /3-4 հաշվին/
- Խորը ներշունչ և ձեռքերը բարձր /1-2 հաշվին/ և արտաշունչի ժամանակ արտաբերել ձայնավոր հնչյուններ /ա, ի, է, ո, ը, ու/
- Խորը ներշունչ և ձեռքերը բարձր /1-2 հաշվին/, իսկ արտաշունչի ժամանակ հաշվել սկզբում 1-3-ը, իսկ հետո գնալով զարգացնել վարժությունը՝ հաշվելով մինչև 10-ը
- Խորը ներշունչ՝ ձեռքերով օդի մեջ մեծ օղակ կառուցել /1-2 հաշվին/, իսկ 3-4 հաշվին, կարծեղ օղակը ծակվում է և սկսում կամաց իջնել
- Խոսքի սահմանափակում այն ժամանակ, երբ երեխան հուզված, ջղային և բարկացած է: Նախևառաջ, պետք է երեխային հանել այդ վիճակից՝ շեղելով նրա ուշադրությունը որևէ դրական բանի վրա, ապա հարաբերականորեն հանգստի պայմաններում դուրս բերել հուզմունքն առաջացնող մտքերը: Օրինակ, եթե բակում խաղալիս երեխան նյարդայնացել է և լացելով եկել է տուն, ցանկալի չէ միանգամից հարցեր տալ, թե ի՞նչ է պատահել, նախ գրկեք նրան, ջուր տվեք, շոյեք նրան, որ երեխան իրեն պաշտպանված ու ապահով զգա, դրանից հետո միայն, երբ երեխան արդեն իսկ հանգիստ ու հավասարակշռված է, դուրս բերեք լացելու բուն պատճառը և խաղարկեք այն: Լավ կլինի, որ ի վերջո հումորային լուծում գտնվի:
- Պետք է հնարավորինս շուտ երեխային ցույց տալ մասնագետի, որպեսզի պարզվի կակազության տեսակը, քանի որ կակազության տեսակի որոշմամբ է պայմանավորված նրա հետ անցկացվող հետագա շտկողական ընթացակարգերը: Որպես կանոն՝ նևրոտիկ կակազության պարագայում առաջնային մասնագետի դերում հոգեբանն է, քանի որ նևրոտիկ կակազությունն առաջանում է հոգեկան տրավմային ի պատասխան, իսկ նևրոզանման կակազության պարագայում առաջնությունը պետք է տալ լոգոպեդական միջամտությանը, քանի որ վերջինս ուղղված է սահուն խոսքի ձևավորմանը լոգոպեդական միջոցներով:
Պրակտիկան ցույց է տալիս, որ շտկողա-զարգացնող, ինչպես նաև բժշկա-վերականգնողական մի շարք խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բարենպաստ պայմանների ստեղծում: Այդպիսի կարևոր ու բարենպաստ պայմաններից մեկը, որը հնարավորություն է տալիս հաղթահարել կակազությունը, ինչպես նաև երկրորդային շեղումների կանխարգելումը, հանդիսանում է ընտանիքը:
Զարգացման խանգարումով ցանկացած երեխա, այդ թվում նաև կակազողները, պահանջում են իրենց նկատմամբ մեծ ուշադրություն՝ հիվանդության առկայության հետ կապված, հոգեկան խանգարման կամ վարքի, բնավորության առանձնահատկություններով պայմանավորված: Դա էլ հենց անհրաժեշտ է դարձնում առանձնացնել հատուկ միջոցներ, մեթոդներ և պայմաններ խոսքի զարգացման, շփման համար, ինչպես նաև ներազդող դաստիարակչական, վերականգնող և շտկողա-դաստիարակչական ընթացակարգերի դուրսբերման համար: Նման իրավիճակը նպաստում է կակազությամբ տառապող երեխայի ընտանիքի գործառույթների ընդլայնմանը՝ իր երեք հիմնական գործառույթների հաշվին.
- Վերականգնողական՝ երեխայի հոգեֆիզիկական և սոցիալական ստատուսի վերականգնում, ներառում նրան սոցիալական շրջապատ, նրա հնարավորությունների սահմաններում բազմատեսակ գործունեության մեջ ներառում (օրինակ, շախմատի, լողի, պարի խմբակները, կամ որ նույնն է՝ թատրոնն ու նկարչությունը:
- Ճշգրտող-ուղղիչ, կակազող երեխայի հոգեֆիզիկական զարգացման շեղումների հարթեցում: Շատ դեպքերում կակազությունը, հանդես գալով որպես առաջնային խանգարում, իր հետևից բերում է մի շարք երկրորդային շեղումներ, ինչպիսիք են՝ խոսքի նկատմամբ վախը, ինքնագնահատականի իջեցումն ու մեկուսացվածությունը: Ընտանիքն այս պարագայում անգնահատելի մեծ դեր ունի երեխայի երկրորդային շեղումների հարթեցման գործընթացում՝ ցույց տալով նրան իր անմնացորդ ու նվիրական սերը:
- Փոխհատուցող- օրգանիզմի խանգարված կամ չձևավորված գործառույթների վերակառուցում:
Նշված գործառույթների իրականացումը կօգնի ընտանիքին ճիշտ կազմակերպել վերականգող-դաստիարակչական աշխատանքները և կանխարգելել կամ վերացնել զարգացման երկրորդային խանգարումները:
Այսպիսով, ընտանիքում ծնողների դերը հետևյալն է՝ երեխայի հետ տանը պարապմունքների կազմակերպման ճանապարհով ձգտել ազատել կակազող երեխայի խոսքը լարվածությունից, դարձնել այն ազատ, ռիթմիկ, հարթ ու արտահայտիչ, ինչպես նաև վերացնել արտաբերման անճշտությունները և ձևավորել ճիշտ ու հստակ արտիկուլյացիա՝ հետևելով մասնագետների ուղերձներին:
Հոդվածի հեղինակ՝ հոգեբան-խորհրդատու Էմմա Արզիևա