Ինչպես ասել երեխային «ՉԻ ԿԱՐԵԼԻ»
Եթե ամեն անգամ, երբ «չի կարելի» ենք ասում երեխային, մի հսկայական զանգ հնչեր, այդ աղմուկին մենք չէինք դիմանա։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ արտասանում ենք այդ արտահայտությունը, մեր երեխաների ականջներում այն հնչում է որպես խլացնող զանգահարություն: Արդյոք հնարավո՞ր է դիմանալ դրան։ Երեխաները, իրականում, չեն դիմանում, նրանք նեղանում են, զայրանում, գոռում, բողոքում և շատ հաճախ ավելի կամակոր դառնում։
Միանգամայն ակնհայտ է, որ մենք՝ ծնողներս, չենք կարող թույլ տալ, որ երեխաները արհամարհեն մեր կենսափորձը, մեր պատկերացումներն այն մասին, թե ինչն է վատ և ինչը՝ լավ, ինչն է վտանգավոր, վնասակար և այլն: Իսկ ի՞նչ անել։ Մեր բառապաշարից դո՞ւրս նետենք «չի կարելի» արտահայտությունը: Իհարկե, ոչ։ Չէ՞ որ երեխաներն անփորձ են, անխոհեմ, շատ բան չգիտեն, և մենք պարտավոր ենք սովորեցնել նրանց:
Դժբախտությունն այն է, երբ «չի կարելի»-ն օգտագործում ենք ոչ թե երեխաների սխալներն ուղղելու կամ նրանց նախազգուշացնելու, այլ պարզապես մեր անհամբերությունն արտահայտելու համար։ Մենք այդ բառերն արտասանում ենք գրգռված, զայրույթով, կարծես հրաման ենք արձակում։
Շատ ծնողներ հասկանում են դա, բայց ստեղծված վիճակից չեն կարողանում ելք գտնել: Շատ հաճախ նրանք զղջում են, որ չափազանց շատ են երեխային «չի կարելի» ասում, որոշում են իրենց փոքրիկի հետ այլ կերպ վարվել, բայց շուտով մոռանում են ու շարունակում են նույնը։ Սեփական բնավորությունը փոխելը հեշտ չէ, ահա թե ինչու պետք է ձգտել հասկանալ մի շարք կարևոր բաներ։
Ամենից առաջ պետք է հասկանալ, որ երեխան ամբողջովին իր ցանկությունների գերին է, որոնց վրա նա որևէ իշխանություն չունի կամ գրեթե չունի։ Շատ տարիներ անհրաժեշտ կլինեն, մինչև որ նա կսովորի կառավարել դրանք։ Իսկ եթե փորձենք կարճացնել այդ ժամկետը, կոպիտ սխալ թույլ կտանք։ Մեծ միամտություն կլինի հուսալ, որ կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում երեխային հնարավոր է սովորեցնել կամավոր հրաժարվել որևէ բանից, փոխզիջման գնալ, հետաձգել սեփական ցանկությունների իրականացումը։ Ճիշտ նույն կերպ չի կարելի հուսալ, որ նրանք մեր առաջին իսկ բացատրությունից հետո կհասկանան մեր դասերը։
Երկրորդ՝ եթե երեխային ինչ-որ հարցում պետք է մերժել, դա պետք է անել բարեկամաբար։ Նրա թույլ տված սխալն, իհարկե, պետք է ուղղել, բայց ցանկացած պարագայում պետք է պահպանել բարեկամական հարաբերությունները և չվիրավորել նրա մարդկային արժանապատվությունը։
Երրորդ՝ «չի կարելի» արտահայտության սխալ օգտագործումը արգելակում է միայն երեխայի վարքը, բայց չի վերացնում նրա ցանկությունը։ Կտրուկ ձևով ասած «ոչ»-ը և «չի կարելի»-ն նրա մեջ լոկ վիրավորանք ու դառնություն են ծնում։ Եթե նույնիսկ մեզ հաջողվում է արգելել, որպեսզի երեխաներն ինչ-որ բան անեն, ավելի խելամիտ կլինի ուղղել կամ փոխել այդ գործողությունը կատարելու նրա ցանկությունը։ Բայց ինչպե՞ս։ Գլխավորապես մեղմ, հանգիստ ու համբերատար գործողությունների օգնությամբ՝ բացատրելով, թե ինչու չի կարելի կամ չարժե անել այն, ինչը դուք արգելում եք:
Եթե մենք փորձենք երեխաների հետ հաճախակի այդպես վարվել, անպայման կվարձատրվենք՝ եթե ոչ միանգամից, ապա գոնե որոշ ժամանակ անց։
Ի վերջո, եթե դուք գտնում եք, որ ձեր բնավորությունը բացառում է երեխայի նկատմամբ թեկուզ փոքր-ինչ համբերատար ու հանգիստ լինել, ձեզ մնում է կատարել չափազանց կարևոր մի բան. քանի որ ամեն ինչ արգելելու ձեր նյարդային վարվելաձևը երեխային հանում է հավասարակշռությունից և լարում ձեր դեմ, ուրեմն գոնե ձեր սերն արտահայտելիս նրան պարգևատրեք առանձնակի քնքշանքով։