Ինչպե՞ս պահպանել երեխայի հոգեկան անդորրը պատերազմական իրավիճակում

1. ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ:

Պարզ լեզվով բացատրեք նրանց, թե ինչ է կատարվում շուրջը, սակայն պատմելիս երեխաների ուշադրությունը կենտրոնացրեք այն հանգամանքի վրա, որ մեծերն ամեն ինչ անում են իրենց անվտանգությունն ապահովելու և որքան հնարավոր է շուտ նորմալ կյանքին վերադառնալու համար:

2. ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ԽՈՍՔԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀՈՒՅԶԵՐՆ ՈՒ ՄՏՔԵՐԸ:

Կարևոր է, որ երեխաները զգան, որ իրենց հույզերն ու զգացմունքները հասկանալի և շատ բնական են տվյալ իրավիճակում: Բացատրեք երեխային, որ բարկանալը, վախենալը, անհանգստանալը նման իրավիճակներում միանգամայն նորմալ է:

3. ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ ՁԵԶ:

Խոսեք երեխայի հետ, լսեք նրան, որպեսզի նա կարողանա հարցերի միջոցով արտահատել իրեն անհանգստացնող թեմաները:

4. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՎԵՔ ՈՐԵՎԷ ԶԲԱՂՄՈՒՆՔ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԱ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՐ ՀՈՒՅԶԵՐԸ:

Դա կարող է լինել նկարչությունը, խաղը, թատերական փոքր ներկայացումները: Կարելի է նաև այդ ամենը կազմակերպել մանկական խմբերում՝ մանկապատեզներում, դպրոցներում և այլն: Խմբային նմանատիպ աշխատանքների նախապատրաստության մեջ ցանկալի է ներգրավել մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, սակայն բուն գործընթացի անցկացումը պետք է վստահել մեկին, որին երեխաները լավ ճանաչում և սիրում են /ուսուցիչներ, դաստիարակներ և այլն/:

5. ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ, ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ Է, ՕԳՆԵՔ ՆՐԱՆ ԿՈՆԿՐԵՏԱՑՆԵԼ ԻՐ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ:

Այդպես ավելի հեշտ կլինի կառավարել դրանք: Հարցրեք երեխային՝ կոնկրետ ինչի՞ց է նա վախենում, ինչի՞ց է զգուշանում, ըստ նրա՝ ի՞նչ կարող է պատահել: Հիշեցրեք երեխային հաջողված իրավիճակներ իր կյանքից, երբ նա կարողացել է հաղթահարել դժվարությունները, լուծել խնդիրները կամ հաղթահարել վախը:

6. ՈՒՂՂՈՐԴԵՔ ԵՐԵԽԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Երբ երեխաները զբաղված են ինչ-որ բանով, որը հիշեցնում է նրանց նախկին խաղաղ և հանգիստ կյանքը, դա հանգստացնում և վստահություն է ներշնչում իրենց: Լավագույն տարբերակն է, երբ կա հնարավորություն ծնողների հետ միասին ինչ-որ բան անելու, օրինակ, կավով կամ պլաստիլինով ինչ-որ բաներ պատրաստելու, բլիթներ թխելու և այլն:

7. ՀԻՇԵՔ, ՈՐ ԿՅԱՆՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԱՐՄՆԱԿԱՆ ԿԱՊԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ, ՓԱՂԱՔՇԱՆՔ, ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ:

Ընտանեկան հոգեբան Վիրջինյա Սատիրը պնդում է, որ երեխայի նորմալ զարգացման համար հարկավոր է նվազագույնը ութ գրկախառնություն օրվա մեջ: Իսկ դե պատերազմական իրավիճակներում բնական է, որ այդ ամենի կարևորությունն ավելի է մեծանում երեխայի համար: Այնպես որ, նույնիսկ ամենախիստ ծնողները պետք է որոշակի զիջումների գնան և թույլ տան իրենց երեխաներին, օրինակ, քնեն իրենց սենյակում կամ անկողնում, քանի որ հենց ծնողների հետ մտերմությունն է երեխաներին հանգստություն ներշնչում և ապահովության զգացում հաղորդում:

8. ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄԸ:

Քանի որ մարտական գործողությունների ժամանակ փակվում են դպրոցները, մանկապարտեզները, խմբակները, և երեխաները զրկվում են առօրեական շփումներից, կարելի է երեխաների շփման պահանջմունքը բավարարել՝ Ձեր տուն կանչելով այլ երեխաների: Շփվելով՝ երեխաները շատ արագ միմյանցից սովորում են վախը հաղթահարելու տարբեր եղանակներ: Շփումը հասակակիցների հետ հատկապես կարևոր է էքստրավերտ երեխաների համար:

9. ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՄԱՍԻՆ:

Երեխային օգնելու հնարավորությունը ուղղակիորեն կախված է Ձեր հոգեկան ուժից, որը թույլ կտա հաղթահարել դժվարին իրավիճակները: Եթե Դուք տագնապի կամ խուճապի մեջ եք, երեխաները կկրկնեն Ձեր հոգեվիճակը: Մի՛ փակվեք Ձեր տագնապի մեջ: Խոսեք Ձեր վախերի մասին ուրիշների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր կարող են հասկանալ Ձեզ և կարեկցել: Սեփական հույզերն ու մտքերը կիսելու հնարավորությունը թեթևության, ապահովության և կայունության զգացումներ կհաղորդի Ձեզ:

Նյութը թարգմանեց Արփինե Դանիելյանը

Սկզբնաղբյուր՝ http://anna-zarembo.livejournal.com/61130.html

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.