Ինչպե՞ս ապրել լիարժեք կյանքով
Մենք բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ինքներս մեզ հարց ենք տվել` ի՞նչ է նշանակում լիարժեք կյանք, ի՞նչն է ստեղծում ինքնաբավության, աննկարագրելի երջանկության զգացողությունը, ինչպիսի՞ ընդհանուր բնութագրիչներ ունեն լիարժեք կյանքով ապրող մարդիկ:
Ընդհանուր ձևակերպմամբ` նրանք այն մարդիկ են, ովքեր օգտագործում են իրենց բոլոր կարողությունները, ուժերն ու տաղանդը: Իրենց զգացմունքները նրանք արտահայտում են ամբողջությամբ, մարդկային ոչ մի զգացմունք խորթ չէ նրանց, նրանք բաց են զգացմունքի արտահայտման բոլոր ձևերի առաջ: Կյանքի սուր զգացողությունները հեղեղում են նրանց սիրտն ու միտքը և դրսևորվում կամային որոշումների մեջ:
Իրականում, մեզնից շատերը բնազդաբար վախենում են ապրել և գործել ամբողջ ուժով: Հանուն անվտանգության` մենք նախընտրում ենք ռիսկի չդիմել և ընդունել կյանքը` փոքր, հաշվարկած չափաբաժիններով: Այնինչ, լիարժեք, լիաթոք կյանքով ապրող մարդը վստահ է, որ իր փոխհատուցումը կյանքից պետք է լինի ներդաշնակությունը և ոչ թե քաոսը:
Լիարժեքության մեջ ապրող մարդիկ տեսնում են աշխարհի գեղեցկությունը, ընկալում են նրա ներքին երաժշտությունը և պոեզիան, զգում են յուրաքանչյուր օրվա յուրահատուկ բույրը: Իհարկե, կյանքի անարդար, տգեղ կողմերը մերթ ընդ մերթ շղարշ են գցում իրենց զգացմունքների վրա, սակայն նրանք պաշտպանված են կյանքի սքանչելի կողմերը տեսնելու կարողությամբ:
Ապրել, լինել կենդանի` նշանակում է բաց լինել մարդկային բոլոր ապրումների առջև. զարմանք, զայրույթ, հիացմունք, քնքշություն, կարեկցանք, մինչև անգամ էքստազ և խորը հիասթափություն:
Ապրել լիարժեք նշանակում է` ունենալ վառ երևակայություն և հումորի զգացում, պահպանել էմոցիաների թարմությունը:
Այդպիսին է նաև լեցուն կյանքով ապրող մարդկանց գիտակցությունը: Նրանք կարող են կյանքին ճիշտ առաջադրել իրենց հարցերը և ճկուն կերպով ընդունում են նաև իրենց ուղղված մարտահրավերներն ու կյանքի հարցերը:
Նրանք իրապես սիրում են իրենց անձը, և ցանկացած այլ սեր հիմնվում և բխում է այդ կայուն անձնասիրությունից: Այլոց նրանք վերաբերվում են ըմբռնումով և ուշադրությամբ, սեր և հոգատարություն` սա է ուրիշների նկատմամբ նրանց վերաբերմունքի հիմքը: Նրանց կյանքում կան մարդիկ, որոնց երջանկությունն ու անվտանգությունն այնքան կարևոր է, որքան իրենց սեփականը:
Այդպիսի մարդկանց համար ամեն հաջորդ օրը նոր հնարավորություն է: Կյանքն ու մահը նրանց համար մեծ իմաստ ունեն: Եվ երբ գալիս է մահվան ժամը, նրանք լցվում են երախտագիտությամբ այն բանի համար, ինչ եղել է և ինչպիսին իրենք եղել են: Ժպիտը լուսավորում է նրանց, երբ հիշում են իրենց կյանքը: Այս աշխարհը նրանց համար այդպես էլ կմնա ամենահրաշալի տեղը մարդու համար, քանզի այդտեղ նրանք ապրել են, ծիծաղել և սիրել:
Լիարժեք կյանքը չպետք է շփոթել քաղցր կյանքի հետ: Լեցուն կյանքով ապրող մարդիկ անցնում են և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների միջով հենց այն պատճառով, որ ապրում են լիարժեք կյանքով: Նրանք չեն խուսափում ոչ տառապանքից և ոչ հաճույքից, միակ բանը, որը խորթ է իրենց` անտարբերությունն է և պասիվությունը:
Նրանք կյանքին մեծ էներգիայով ասում են`«Այո»: Նրանց հատուկ են աճի, զարգացման դժվարությունները, հնից նորին անցնելու փորձությունները: Նրանք շարժուն են, բռնկված են կրակով, մտքերն իրար հերթ չեն տալիս, նրանք միշտ զարգացման մեջ են` որպես անկանգ էվոլյուցիայի իսկական զավակներ:
Սակայն ինչպե՞ս կանգնել այդ ուղու վրա, ինչպե՞ս մտնել կյանքի այդ խելահեղ պարի մեջ:
Գոյություն ունի հինգ քայլ, որը պետք է հաղթահարել` լիարժեք կյանք մուտք գործելու համար: Այդ քայլերը պետք է անել ճիշտ այն հերթականությամբ, որը տրված է և յուրաքանչյուր քայլը պետք է հիմնվի ամբողջությամբ կատարած նախորդ քայլի վրա: Չնայած յուրաքանչյուր քայլը հիմնվում է նախորդի վրա և բխում է նրանից, դա չի նշանակում, որ ամեն անցումը պետք է արվի մեկընդմիշտ և նրան այլևս պետք չէ անդրադառնալ: Ոչինչ չի համարվում ավարտված և կատարված: Այս քայլերից յուրաքանչյուրը ենթադրում է սեփական անձի և միջավայրի միանգամայն նոր հասկացում և ընկալում: Որքան խորը և կայուն են այդ ընկալումները, այդքան մեծ է հնարավորությունը լիարժեք կյանքով ապրելու:
Այդ հինգ քայլերն են` 1. Ընդունել քեզ, 2. Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, 3. Մոռանալ քեզ սիրո մեջ, 4. Հավատալ, 5. Պատկանել
- Ընդունել ինքդ քեզ– Լիարժեք կյանքով ապրող մարդիկ իրենց վերաբերվում են նույնպիսի ջերմ և ուրախ զգացողությամբ, ինչպես և նրանց, ումով հիանում են: Այդ մարդիկ տեսնում են այն լավը, որ կա իրենց մեջ` սկսած փոքր առավելություններից (ժպիտ, գեղեցիկ կառուցվածք), բնատուր տաղանդից մինչև արժանիքներ, որ իրենք են մշակել իրենց մեջ: Բախվելով սեփական անկատարելությանն ու սահմանափակությանը` նրանք ընդունում են դա կարեկցանքով, այլ ոչ թե մեղադրանքով:
Ցանկացած զարգացում սկսվում է այն բանից, որ մարդն ուրախությամբ ընդունում է իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Հակառակ դեպքում նա միշտ կլինի անվերջանալի և կործանարար ներքին «քաղաքացիական» կռվի մեջ:
Իրականում, լիարժեք կյանքի աղբյուրը հենց մարդու մեջ է: Հոգեբանության տեսանկյունից դա նշանակում է, որ հաճելի ինքնաընկալումը, դրական ինքնավերաբերմունքը, արժանապատվության զգացողությունը դառնում է այն հիմքը, որն ուղղորդում է մարդուն դեպի զարգացում:
- Լինել այնպիսին, ինչպիսին կաս, հավատարիմ լինել ինքդ քեզ– սեփական անձի ընդունումը տալիս է հնարավորություն և ազատություն` ունենալու իրական կյանք: Միայն նրանք, ովքեր ուրախությամբ են ընդունում իրենց անձը, կարող են ռիսկի դիմել և պատասխանատվություն կրել իրենց էությանը անդավաճան լինելու համար:
Շատերը կրում են տարբեր սոցիալական դիմակներ: Մենք պաշտպանում ենք մեր ես-ը տրավմաներից, բայց մենք հեռացնում ենք մեզ իրականությունից և նեղացնում մեր մտահորիզոնը: Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս` նշանակում է ինքնուրույն մտածել և որոշել, ընտրություն կատարել: Այդպիսի մարդիկ ուրիշների գոհունակությանը արժանանալու խնդիր չունեն: Այդպիսի մարդիկ ոչ մեկին «չեն վաճառվում»:
- Մոռանալ քեզ սիրո մեջ– Ինքնաընդունումը և սեփական «ես»-ին հավատարիմ լինելը հնարավորություն է տալիս տիրապետելու սիրո արվեստին: Նրանք սովորում են դուրս գալ սեփական «ես»-ի սահմաններից և հոգ տանել ուրիշի համար:
Շրջապատող աշխարհը մեր հարազատ տունն է դառնում այն չափով, որքանով մենք սիրում ենք այն: Լիարժեք ապրող մարդիկ հեռանում են եսասերների նեղ և մռայլ աշխարհից, որտեղ իշխում է մենակությունը:
Նրանց մեջ զարգացած է կարեկցանքը, ուրիշների զգացմունքները հասկանալն ու վերապրելը: Լիարժեքության մեջ ապրող մարդու կյանքն ընդարձակվում է: Լինել սիրող մարդ չի նշանակում լինել մարդ, ով բարեգործություն է անում: Վերջիններս այդպես են
վարվում, որպեսզի հարմար առիթների ժամանակ ցույց տան իրենց բարեգործ բնույթը` շահ քաղելու համար:
Սիրող անձը կարողանում է հետաքրքրության և ուշադրության կենտրոնը տեղափոխել իրենից դեպի ուրիշը: Չի կարելի սովորել ապրել` առանց սովորելու սիրել:
- Հավատալ–Դուրս գալով սեփական հետաքրքրությունների սահմաններից` մարդը բացահայտում է իր կյանքի իմաստը, որը Վիկտոր Ֆրանկլը անվանում է կյանքի հատուկ կոչում, առաքելություն: Դա նշանակում է նվիրվածություն ինչ-որ անձի կամ գործի, որին մարդը հավատում է: Այդ հավատը տալիս է կարևորություն մեր ջանքերին և գործողություններին: Դա մարդկանց վեր է բարձրացնում մանրախնդրությունից և սահմանափակությունից, որոնք պարզունակ են դարձնում մեր գոյությունը: Առանց այդ իմաստի մարդն անընդհատ պրպտումների մեջ է` դուրս գալու համար ձանձրույթի և միապաղաղության փակ շրջանից: Առանց այդ իմաստի` մարդը տրվում է արբեցողության թմբիրին, թմրամիջոցների հալյուցինացիաներին, պատահական սեռական հաճույքներին: Մարդկային բնույթը չի կարողանում հանդուժել դատարկությունը: Մենք պետք է իմաստ ունենանք, հակառակ դեպքում մեր բոլոր օրերը կվատնենք այդ ունայնությունը ինչ-որ բանով փոխարինելու, փոխհատուցելու վրա:
- Պատկանել- ամենավերջին քայլը մեր մեջ պատկանելիության զգացողության մշակումն է: Լիարժեք կյանքով ապրող մարդիկ ունեն մտերիմներ, որոնց հետ շփումը իրական հաճույք է պատճառում և փոխադարձ կապվածության զգացում հաղորդում: Շփվելով
մտերիմների հետ` այդ մարդիկ գտնում են բավարարվածություն տալուց և վերցնելուց:
Միանշանակ ազատ լինում են միայն թիթեռները, մեզ անհրաժեշտ է, որ ուրիշի սիրտը դառնա տուն մեր սրտի համար: Ունենալով տուն` կարելի է վայելել հանգիստ և խաղաղություն ներսում:
Նյութը պատրաստեց Արփինե Դանիելյանը
Աղբյուր՝ Джон Пауэлл. Полнота человеческой жизни.
Журнал “Урания”, М., 1992, No 2-3.