Ամուսնալուծության ազդեցությունը երեխայի հոգեկան աշխարհի վրա
Նյութի աղբյուրը՝ www.realnews.am
Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի ներաշխարհում: Երեխան շատ լավ գիտակցում է, որ ինքը երկու անձի սիրո արդյունքն է և հանկարծ ծնողներից մեկը նրան լքում է: Երեխան հենց այսպես է պատկերացնում ծնողների ամուսնալուծությունը, քանի որ չի կարող գիտակցել ամուսնալուծության սոցիալական կամ այլ դրդապատճառները: Այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, թե ծնողների ամուսնալուծությունը երեխայի մեջ ինչ բարդույթներ ու հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել:
«Երեխային պետք է բացատրել, որ ծնողների ամուսնալուծությունը իր պատճառով կամ մեղքով չէ: Շատ հաճախ ամուսնալուծված ծնողների երեխաների մոտ ագրեսիա է սկսվում, քանի-որ նրանք զրկվում են մանկության որոշակի փուլից: Հաճախ ամուսնալուծությունից հետո երեխաները ծնողների կողմից ինքնահոսի են թողնվում,-նշեց հոգեբանը:
Հոգեբանի խոսքով՝ մինչև որոշակի տարիք երեխաները շատ խոցելի են: «Հատկապես երեքից վեց տարեկան երեխաների վրա ծնողների ամուսնալուծությունը շատ ծանր է ազդում: Անգամ վեճի դեպքում այդ տարիքի երեխաները կարծում են, որ վեճը իրենց պատճառով է»:
Ռուբեն Պողոսյանը խորհուրդ տվեց վիճելիս այնպես անել, որ երեխաները ներկա չգտնվեն վեճին: Պատահական չէ, որ երեխաները ծնողների վեճի ժամանակ ականջները փակում են: Երեխան կամա թե ակամա ծնողների վեճերի, ամուսնալուծության զոհն է դառնում:
«Եթե ամուսնալուծությունը անխուսափելի է ծնողները պետք է բացատրեն երեխային, որ ինքը դրանում ոչ մի մեղք չունի և ծնողները անկախ ամեն ինչից իրեն շատ են սիրում: Որպեսզի երեխայի մոտ լքվածության զգացողություն չլինի պետք է նրան բացատրել, թե ինչու է նա ստիպված լինելու ծնողներից մեկին համեմատաբար ավելի քիչ տեսնել»,-ասաց Պողոսյանը: