Պարաշարժողական թերապիան՝ որպես հոգեբանական աշխատանքի նոր ուղղություն մեր երկրում
Doctors.am-ի հյուրասրահում է կլինիկական հոգեբան, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյանը:
-Պարը և ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերն ընդունված է դիտարկել որպես զարգացման և ժամանցի տարր: Այս դեպքում, ստացվում է, որ սա նաև կարող է օգնել անհատին կարգավորել հոգեբանական խնդիրները:Մանրամասնե՛ք, խնդրեմ:
-Այո, իհարկե: Սովորաբար նկարելով, պարելով, քանդակելով կամ որևէ արվեստի որևէ ճյուղով զբաղվելիս մարդը կարողանում է ինքնաարտահայտվել: Սակայն այս դեպքում, բացի անհատի մոտ ստեղծագործական հմտությունների զարգացումը, գործ ունենք նաև հոգեբանական նուրբ աշխատանքի հետ՝ աշխատանք մարմնի, շարժումների և հույզերի հետ: Եթե խոսենք պարի մասին, ապա, այն ինքնին արդեն իսկ ունի բուժիչ ազդեցություն պարողի համար, բայց թերապիա կհամարվի միայն այն դեպքում, երբ լինի թերապևտ, այլ ոչ թե բեմադրող: Հոգեբանության մեջ լայն կիրառություն ունի արտ-թերապիան, որի ժամանակ անհատը բացահայտում է իր ստեղծագործական ներուժը՝ միևնույն ժամանակ հաղթահարելով հոգեբանական խնդիրները:
Արտ-թերապիան ստեղծվել է դեռևս 1930-ական թվականներից գեղանկարիչ, հոգեվերլուծող Ադրիան Հիլլի կողմից: Art-թարգմանաբար նշանակում է արվեստ, therapy-բուժում, այսիքն` բուժում արվեստի միջոցով: Այս թերապևտիկ ճյուղը հիմնված է ստեղծագործական ինքնարտահայտման սկզբունքի վրա: Այսինքն, բուժման մեթոդ, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այս մեթոդը կիրառվում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ աշխատանքում: Այն ցուցված է բոլորին:
Արտ-թերապիան, մասնավորապես պարաշարժողական թերապիան, զգացմունքներն ու հույզերը արտահայտելու լավագույն միջոց են: Մեր նպատակն է այս կերպ վերականգնել զգացմունքների և մտքի միջև խաթարված կապը: Այս մեթոդն ունի մեկ առանցքային գաղափար. այն է պարի օգնությամբ կարելի է կամուրջ կառուցել հոգու և մարմնի միջև, բացահայտել իրական զգացմունքները, ձեռք բերել հոգեկան ներդաշնակություն:
Պարն ինքնին, իհարկե ունի դրական լիցքաթափող և լավ տրամադրություն հաղորդող ազդեցություն: Պարի միջոցով հնարավոր է արտահայտել և փոխանցել սերը, ցավը, տխրությունը, ուրախությունը, ագրեսիան, զայրույթը: Սակայն, երբ անձի մոտ առկա ենհոգեբանական խնդիրներ՝ուղղակի պարելով դրանք լուծել հնարավոր չէ: Այստեղ շատ կարևոր են բառերը, որոնք օգնում են վերբալիզացնել պարի ընթացքում ունեցած ապրումները, զգացողություններն ու փորձը:
-Վաղու՞ց է, ինչ ինքներդ զբաղվում եք պարաշարժողական թերապիայով:
-Պարաշարժողական թերապիայով զբաղվում եմ 2011 թվականից մինչ օրս, աշխատանքը սկսելով հոգեկան հիվանդություն ունեցող անձանց հետ: Որոշակի ժամանակաշրջան հետո, այդ հիվանդները կարողացան հնարավորինս դուրս գալ հուզական մեկուսացումից, ձեռք բերել ինքնավստահություն: Այսպիսով, ունենալով դրական արդյունքներ, գործունեությունը ծավալեցի: Ներկա ժամանակաշրջանում «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում եմ «Պարաշարժողական թերապիա» թեմայով դասընթաց:
-Նշե՛ք, խնդրեմ, մի քանի խնդիրներ, որոնց դեպքում բավական արդյունավետ է պարային թերապիան:
-Պարային թերապիան արդյունավետ է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են ` նևրոզները, միջանձնային կոնֆլիկտները, ցածր ինքնագնահատականը, դեպրեսիաները, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները: Մեծ է արդյունավետությունը նաև փսիխոտիկ հիվանդների հետ աշխատանքում:
Մարդիկ երբեմն դժվարանում են խոսել իրենց խնդիրների մասին, արտահայտել իրենց հույզերը: Այս դեպքում, շարժումը կարծես ճանապարհ հարթի դեպի անգիտակցական մակարդակ: Այսինքն, հույզերը, որոնց արտահայտման համար բավարար չեն բառերը, ունեն արտահայտման սիմվոլիկ լեզու:
Բացարձակ կարևոր չէ՝ մարդն ունի պարային հմտություններ, թե՝ ոչ:
Թերապևտիկ աշխատանքն անց է կացվում ինչպես անհատական, այնպես էլ՝զույգային և խմբային տարբերակով:
Պարային թերապիան կարող է կիրառվել ինչպես առանձին մոտեցում: Այն չունի կոնկրետ սահմանված կառուցվածք, այդ պատճառով կարելի է կիրառել ցանկացած վերբալ այլ թերապևտիկ մոտեցման հետ զուգահեռ:
-«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում անցկացվում են նաև պարաշարժողական թերապիայի թրեյնինգներ: Ովքե՞ր կարող են մասնակցել դրանց:
-Թրեյնինգին կարող են մասնակցել ինչպես մասնագետ-հոգեբանները, այնպես էլ հետաքրքրված բոլոր անձինք: Դասընթացը ունի տեսական և գործնական մաս:Մասնակցելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել՝ զանգահարելով «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:
Աղբյուրը՝ Doctors.am